Սպիտակ վանք (գյուղատեղի), գտնվում է Արարատի մարզի Լանջանիստ գյուղից 1.5 կմ հյուսիս-արևմուտք։ Կառուցվել է 1301 թվականին, բազիլիկ եկեղեցի է` սրբատաշ ավազաքարով: Այստեղից էլ հավանաբար ծագել է անունը՝ Սպիտակ վանք։
Եկեղեցու շուրջ կա 13-17-րդ դարերի գերեզմանոց, կա նաև օժանդակ շինություններ։ Եկեղեցուց պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը, մյուս երկու պատերից մնացել են միայն հիմքերը։ Եկեղեցու մուտքի ձախ պատի մեջ կա գեղեցիկ նախշազարդերով խաչքար։ Խաչքարի ներքևի հատվածում պահպանվել է արձանագրություն, նաև վեց արձանագրություններ էլ կան «Սպիտակ Վանք» եկեղեցու կանգուն պատերի վրա։ Ենթադրվում է, որ գյուղատեղին գոյատևել է մինչև շահ Աբասի կազմակերպած բնակչության զանգվածային տեղահանությունը՝ 1604 թվականը։
Սպիտակ Վանք եկեղեցին փլուզվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժից։
Տափի բերդ-ամրոցը գտնվում է Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ բնակատեղիի հյուսիսարևմտյան եզրին։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։
Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով 12-13 դարերի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։
Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։
Տափի բերդը հայտնի է նաև «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի անվանմամբ:
Հովհաննես Կարապետի վանքը գտնվում է Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։
Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին՝ որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրցաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։
Հովհաննես Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, պարսպապատ է, պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։
Եկեղեցու անվանումը հիշատակվում է ներսում՝ հարավային պատին փորագրված արձանագրության մեջ։ Հիմնադիրն է Կիրակոս վարդապետ Գետկեցին, ճարտարապետը՝ Բուտը։
Խոսրովի արգելոցը կազմավորվել է IV դարում Խոսրով Բ Կոտակթագավորի կողմից հիմնած անտառի տարածքում 1958թ. /տարածքը` 29196 հա/ Գեղամա լեռների հարավ-արևմուտքում` Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Խոսրովասար լեռների լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում` ծ.մ. 850-2800մ բարձրություններում:
Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ /ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 %-ը/, որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում:
Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների` 9, երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների`142, կաթնասունների` 50 տեսակ։
Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա: Մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:
Հրշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը:
Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում:
Պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում, այժմյան Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք հառնվում է Հայոց նվիրական սրբավայրերից` Խոր Վիրապի վանքը:
Վանքի պատմությունը սերտորեն առնչվում է քրիստոնեության, Հայաստանի կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ: Տրդատ Գ Արշակունի թագավորը քարոզիչ Գրիգորին ենթարկել է չարչարանքների, տևական տանջանքներից հետո նրան նետել են Արտաշատի արքունի բանտի մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր Վիրապ Արտաշատու:
Այսօր կանգուն մնացած մատուռը կառուցվել է 1661թ.: Այն երկհարկանի է. ներքնահարկը /գուբ-զնդանը/ ունի 6,5 մ խորություն:
XIIIդ-ից Խոր Վիրապի վանքը համազգային սրբավայր լինելով հանդերձ դարձել է կրթության, գիտության համահայկական հռչակավոր կենտրոն:
Facebook
Location on Google Maps
YouTube