Ս/թ-ի նոյեմբերի 22-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի (այսուհետ՝ Բաժին) մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի քարտուղարը և Բաժնի աշխատակիցները:
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ բաժնի կողմից կատարման ենթակա հանձնարարականների կատարման ընթացքին, նշեց, որ անհրաժեշտ է ակտիվ միջոցներ ձեռնարկել հարկային պարտավորությունների գանձման ոււղությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային տարին մոտենում է իր ավարտին:
Նշեց, որ տարվա ինն ամիսների ընթացքում հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ իրականացված վարչարարության արդյունքում հնարավոր է եղել ապահովել ֆինանսական միջոցների մեծ հոսք և պետք է հետևողական լինել նշված աշխատանքների կատարման շարունակականությունն ապահովելու համար:
Համայնքի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև առևտրի և գովազդի ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ պետք է պարբերաբար շրջայցեր կատարել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր, առկա խնդիրների վերհանման և դրանց համակարգային լուծում տալու ուղղությամբ:
Կարևորեց այդ աշխատանքների կատարման գործում Բաժնի, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ու վարչական ղեկավարների համագործակցությունը՝ հայտնաբերելու և կանխարգելելու ՀՀ օրենսդրությամբ և համայնքի ավագանու որոշումներով սահմանված կարգի խախտումներով առևտրի իրականացումը և գովազդի տեղադրումը:
Համայնքի ղեկավարը անրադարձավ նաև բաժնի կողմից աշխատանքային կարգապահության պահպանմանը, նշելով որ ինքը ևս հետևողական է լինելու աշխատակազմում ներդրված աշխատանքային կարգապահության պահպանմանը և իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու է համապատասխան միջոցներ իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարող աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ամփոփելով խորհրդակցությունը, համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |