Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 228
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
21/04/2015
Ծառատունկ Արարատի մարզի Վեդի քաղաքում` ի հիշատակ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց

 

Ապրիլի 21-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքի քաղաքապետարանի դիմացի այգում` Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Վեդիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, «Սատարում անհայտ կորածներ անձանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ծառատունկ, որի նպատակն էր «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Արարատի մարզի անհայտ կորած անձանց հիշատակին նվիրված պուրակի» ստեղծումը:

 

Այգում` անհայտ կորած 19 անձանց հարազատները սոճիներ տնկեցին` ի հիշատակ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած իրենց սիրելիների: Պուրակի ստեղծման նախաձեռնությունը անհայտ կորած անձանց ընտանիքներինն է:

 

Այգում արդեն տեղադրված էին Մեծ Եղեռնի զոհերի, Հայրենական Մեծ պատերազմի հերոսների. ԵԿՄ անդամների և 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հուշաքարերը:

 

Միջոցառմանը ներկա էին Վեդիի փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանը, Երկրապահ կամավորների միության նախագահ Ժորա Խաչատրյանը, ՀԿԽԸ և ԿԽՄԿ ներկայացուցիչներ: Քաղաքային այգում պուրակի ստեղծման համար տարածքը տրամադրվել էր քաղաքապետրանի կողմից:

 

Ծառատունկն սկսելուց առաջ տերունական աղոթք կարդաց Տեր Հուսիկ Նուրիջանյանը: ՀԿԽԸ Վեդիի տարածքային մասնաճյուղի նախագահ Զեմֆիրա Մալխսայանը ողջունեց միջոցառման մասնակիցներին` նշելով, որ հույս ունի որ, այս պուրակում կտեղադրվեն նստարաններ, և երբ ծառերը կծաղկեն, նրանք նորից կհավաքվեն այստեղ, կնստեն ու կզրուցեն, և որ ամենակարևորն է հուսով են որ այս պուրակ կվերադառնան նաև այդ 19 անհայտ կորածները:

 

ՀԿԽԸ Որոնման բաժնի վարիչ Սամվել Հունանյանը` Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից ողջունեց մասնակիցներին, նշելով, որ այս պուրակի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է և որ յուրաքանչյուրը յուրովի կըմբռի դրա խորհուրդը:

 

Պուրակի տնկման նախաձեռնությունը հենց այդ ընտանիքներինն էր, քանի որ նրանց հարազատները չունեն ոչ գերեզման, ոչ էլ հուշաքար, որտեղ կարելի է հիշատակի արարողություններ կատարել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին կամ ուղղակի ծաղիկներ դնել:

 

«Զոհված և կորած ազատամարտիկների» միության Արարատի տարածաշրջանի նախագահ Սեդա Դեմիրճյանը, ծառ տնկելով իր ամուսնու անունով, նշեց, որ այս ծառատունկը թեթևացրեց իրենց սրտերը.

 

- Մենք մեր հոգին և ուժը դրեցինք այս ծառատունկի մեջ, մենք միշտ կհիշենք մեր ամուսիններին և որդիներին:

 

Անհայտ կորածների ընտանիքների անդամները շնորհակալություն հայտնեցին իրենց գաղափարին աջակցություն ցույց տալու, իրականացնելու և իրենց վիշտը սփոփելու համար:

 

ԿԽՄԿ գրասենյակներում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4541 անհայտ կորած անձի վերաբերյալ որոնման հայտեր են գրանցված, որոնցից մոտ 400-ը` Հայաստանում: Նույնիսկ տասնյակ տարիներ անց անհայտ կորածների ընտանիքներն (ԱԿԸ) ունեն տնտեսական, իրավական, հոգեբանական և/կամ սոցիալական կարիքներ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2011 թվականից մինչ այժմ իրականացնում է «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին»:

 

Այս ծրագրի շրջանակներում անհայտ կորածների ընտանիքների համար կազմակերպվում են հանդիպումներ առողջապահական, սոցիալական, իրավաբանական ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ, դասընթացներ: Հանդիպումներն ու միջոցառումները ՀՀ մարզերում իրականացվում են ՀԿԽԸ մարզային և տարածքային մասնաճյուղերի միջոցով:

 

Մեկնարկից մինչ օրս ծրագրում ներգրավվել են 48 ընտանիք Սյունիքից, 5 ընտանիք` Վայոց ձորից, 12 ընտանիք` Գեղարքունիքից, 12 ընտանիք Շիրակից, 21 ընտանիք` Լոռիից, 40 ընտանիք` Արմավիրից, 32 ընտանիք` Արարատից, 14 ընտանիք` Տավուշից:

 

https://www.redcross.am/news/tree-planting-in-vedi.html
https://www.redcross.am/news/tree-planting-in-vedi.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner